Encyclopedia

Պապուա Նոր Գվինեա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Պորտ Մորսբի
Տարածքը՝ 462,8 հզ. կմ2
Բնակչությունը՝ 6 մլն
Պետական լեզուները՝ անգլերեն, տեղական լեզուներ
Դրամական միավորը՝ կինա

Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում և զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան հատվածը, Բիսմարկի կղզիները, Սողոմոնյան կղզիների հյուսիսային հատվածը և այլ կղզային տարածքներ:

 

Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան մասը, Բիսմարկի, Լուիզիադա կղզեխմբերը, Սողոմոնի կղզիների հյուսիսային մասը, Տրոբրիան, Դ’Անտրկաստո, Մուրուա կղզիները և մոտ 200 մեծ ու փոքր այլ կղզիներ:
 
Երկրի կենտրոնում, արևմուտքից արևելք, ձգվում են 3000–4000 մ բարձրության (առավելագույնը՝ 4506 մ, Վիլհելմ լեռ) լեռնաշղթաները: Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ: Հաճախակի են երկրաշարժերը:  Ընդերքում կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի, կապարի, մանգանի, պլատինի հանքավայրեր: Կլիման հասարակածային և մերձհասարակածային է: Գետերը ջրառատ են, հարուստ՝ ջրաէներգետիկ պաշարներով: Կենդանական և բուսական աշխարհները բազմազան են: Աճում է ավելի քան 20 հզ. բուսատեսակ, որոնց մեծ մասը բնաշխարհիկ է: Տարածված են մշտադալար անտառները, լեռներում խիստ արտահայտված է վերընթաց գոտիականութունը: Կենդանիներից կան գորշուկ, ծառի ագեվազ և կուսկուս պարկավորներ, օձեր, մողեսներ, ջրերում`   կոկորդիլոս, կրիա: Բազմաթիվ ու բազմատեսակ են թռչունները (կազուարներ, դրախտահավեր և այլն):
Նոր Գվինեա կղզու հարավարևելյան մասը`   Պապուան, եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը, իսկ հյուսիսարևելյան մասը զավթել է Գերմանիան:
 
XX դարի սկզբից Նոր Գվինեան պատկանել է Ավստրալիային: 1949 թ-ին Պապուան և Նոր Գվինեան վարչականորեն միավորվել են: Երկիրն անկախ է հռչակվել 1975 թ-ի սեպտեմբերի 16-ին:
Երկրի հիմնական բնակիչները պապուասներն ու մելանեզացիներն են, որոնք խոսում են ավելի քան 700 լեզվով ու բարբառով:
Խոշոր քաղաքներն են Պորտ Մորսբին, Լաեն, Մադանգը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.